Երևանում Շտապ օգնության կանչերի 70%-ի դեպքում բրիգադը այցելում է հիվանդին ու միայն կատարում համապատասխան գործողություններ. այսպիսով, կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ոչ շտապ կանչերի պատճառով Շտապ օգնության բրիգադներին դժվար է հասնել իսկապես շտապ կանչերին, օրինակ՝ գլխի կամ սրտի կաթվածով հիվանդներին կամ վթարից տուժածներին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, թե ինչ գործառույթներ են նախատեսվում այս ոլորտում բորեփոխումներ անելու համար. «Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար նախատեսվում է, ըստ անհետաձգելիության և ծանրության աստիճանի, կանչերի դասակարգում սահմանել»,- ասել է նա: Ըստ այդմ՝ իսկապես շտապ կանչերին բրիգադը պետք է 5-10 րոպեում հասնի, իսկ եթե հիվանդին օբյեկտիվորեն անհետաձգելի օգնություն չի պահանջվում, նա պետք է սպասի, մինչև բրիգադը ազատվի: Նախատեսվում է Երևանում թերապևտի երեկոյան կանչերի նոր համակարգ ներդնել: Ներկայումս առողջապահության նախարարությունը և քաղաքապետարանը քննարկում են Նոր Նորք շրջանում պիլոտային ծրագրի ներդրման հնարավորությունը. երեկոյան 22 պոլիկլինիկաների և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի թերապևտները հավելյալ վճարի դիմաց կայցելեն այն հիվանդների տուն, ում ոչ թե շտապ օգնության բրիգադի օգնություն է հարկավոր, այլ՝ թերապևտի: «Եթե այս համակարգը նորմալ աշխատի, դա կօգնի բեռնաթափել շտապ օգնության բրիգադներներին և հնարավորություն կտա ուղևորվել այն պացիենտների մոտ, որոնց կյանքը վտանգված է և ովքեր իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն»,- նշել է նախարարը: |