ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ
11:15, 16.05.2019 | mamul.am
2581 | 0

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից՝ նախազգուշացնելով, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր