Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վարչապետի կոչին Երևանում արձագանքել էր մոտ 1100 մարդ. FIP
17:45, 20.05.2019

«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է վարչապետի հորդորով դատարանների այսօրվա շրջափակմանը.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ վաղ առավոտից այցելել է Երևանում առկա բոլոր դատարանները՝ փորձելով պարզել, թե ինչպես են քաղաքացիներն արձագանքել վարչապետի կոչին: Այսպես, ժամը 8:40-ից.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ էին: Այստեղ հավաքված էր մոտ 150 ցուցարար, 4 մեքենայով արգելափակել էր դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել էր՝ հասնելով մոտ 300-ին: Այստեղ էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել էր մոտ 80 ցուցարար, նրանց թվում էր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել էր մոտ 150-ի, նրանց են միացել «Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված էին, այստեղ հավաքված էր մոտ 50 ցուցարար, նրանց թվում էին պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում էր 20-25-ի, նրանց թվում էին պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Քրիստինե Պողոսյանը:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել էր 140-150: Այստեղ էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել էր դատարանի թե՛ ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել էր մոտ 40-ի:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ էին: Այստեղ հավաքված էր 80 մարդ, մեքենաներ: Այստեղ էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում էր մոտ 150-ի: Նրանք արգելափակել էին բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս որևէ մեկին մուտք գործել շենք՝ չնայած ոստիկանների կոչին: Այստեղ էին «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել էին 7-10 մարդ, որոնք ևս արգելափակել էին մուտքը:

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված էր շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ էին, այստեղ էր «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Փակ էին նաև Սահմանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում էր 150-ի:

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին միայն Երևանում արձագանքել էր մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ էին: Ցուցարարներից բացի, հավաքված էին մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա էին նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր