ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ոչ մի սարսափելի կամ նվաստացուցիչ բան չի լինի, եթե բոլորն անցնեն այդ մեխանիզմով». Լևոն Բարսեղյան
05:10, 23.05.2019 | mamul.am
4595 | 0

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քննազտում» ավելի լավ է հնչում. դատավորների վեթինգը, կամ քննազտումը լավ կլինի` համարենք դատական համակարգի հականեխում: Քննազտում բառն ավելի լավ է արտահայտում գործի բուն էությունը: Այդ հականեխումը ես պատկերացնում եմ որպես անցումային արդարադատության բաղադրիչ, երևի 8-10 բաղադրիչներից մեկը, և ոչ թե անցումային արդարադատությունը հենց միայն դա է: Այդ քննազտման դեմ արտահայտվող իմ ծանոթներին, բարեկամներին և անծանոթներին ասեմ կարծիքս: Արդարադատության համակարգի հականեխումը չի կարող պատճենում լինել այլ երկրների համանման փորձից. ամեն երկիր ինքը պիտի մշակի և իրականացնի իր երկրի կարիքներին համապատասխան: Մեր դեպքում բոլոր դատավորները պետք է անցնեն այդ հականեխման համակարգով, ընտրովի չպետք է լինի և ռեժիմները խտրական չպիտի կիրառվեն: Դա պիտի սահմանվի օրենսդրությամբ, այսինքն լինի օրինական: Հականեխող հանձնախումբը պետք է լինի բացարձակ վստահելի, այսինքն՝ մաքուր, մասնագիտացած և անկողմնակալ: Սա էլ պետք է լինի օրենսդրությամբ սահմանված: Բացարձակ դիտավոր չափազանցություն է, թե արդարադատության հականեխումը վրեժխնդրություն է լինելու, հալածանք անցանկալի դատավորների հանդեպ և այլն: Եթե հականեխման արդյունքում դատավորների մի մասն անգործ կմնա, դա պիտի համարել հատուցում անցյալում և այժմ իրենց գործած ապօրինությունների, անարդարությունների, կոռուպցիայի հետ կապացությունների և այլն: Դժգոհություն է լսվում, թե արդար, օրինական գործած դատավորներին չարժե այդ քննազտման մեխանիզմին ենթարկել: Իսկ ով է որոշել, որ այս կամ այն դատավորն արդար է, իսկ մյուսն անարդար ու միմիայն երկրորդին է հարկավոր քննազտման ենթարկել: Այդ մեխանիզմը հենց քննազտումն է: Ու ոչ մի սարսափելի կամ նվաստացուցիչ բան չի լինի, եթե բոլորն անցնեն այդ մեխանիզմով, եթե, կրկնեմ, այդ մեխանիզմը լինի օրինական, անխտիր և մաքուր ու մասնագիտական հանձնախմբի գործադրմամբ: Երբ բժշկի վիրահատական գործիքներն ակնհայտորեն ընդհանուր առմամբ կեղտոտ ու ժանգոտ են ու դրանք մշտական շփումների մեջ են եղել մյուս գործիքների հետ, հարկավոր է հականեխել բոլոր գործիքները, չմաքրվողներին հեռացնել վիրահատարանից, իսկ մաքուրներին՝ թողնել: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Կարո՞ղ են արդյոք միջազգային փորձագետներ մասնակցել այդ գործընթացի մշակմանը: Կարծում եմ, որ ևʹ տեղական, ևʹ օտարերկրյա մասնագետներ պիտի մշակեն մեխանիզմը, մենք այս գործով բավարար փորձով մասնագետներ չունենք երկրի ներսում: Նույնիսկ քննազտման հանձնախմբում կարող են լինել օտարերկրացիներ, բայց՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Համոզված եմ, որ քննազտման միայն մեխանիզմի հաստատման դեպքում մի շարք դատավորներ առանց որևէ բանի սպասելու ուղղակի հրաժարական կտան ու կգնան իրենց ճամփով: Եվ վերջինը: Համարում եմ, որ այս մեխանիզմը՝ քննազտումը, պետք է ընդարձակել և կիրառել իրավապահ ամբողջ համակարգի վրա, սկսելով բարձր պաշտոնյաներից` Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, մաքսայինի և հարկայինի քննչական կաբինետներ և այլն: Իհարկե, սա շատ ծանր աշխատանքային ծավալ է, բայց վստահ եմ, որ առանց անցումային արդարադատության այդ բաղադրիչի ուղղակի ձախողվելու ենք ցեխ ու ճահիճների մեջ: Ինչքան ուշ, այնքան վատ: Վատն արդեն շատ լավ տեսնում են բոլորը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր