ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Խտրականության պատկերը Հայաստանում․ ազգային փոքրամասնություններ
03:00, 23.05.2019 | mamul.am
4949 | 0

Հայաստանն աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է, և ՀՀ բնակչության միայն 1,8% են կազմում ազգությամբ ոչ հայերը։ Թեև ազգային պատկանելիության հողի վրա խնդիրների մասին ահազանգեր Հայաստանում քիչ են հնչում, այնուամենայնիվ, մեր երկրի ազգային փոքրամասնությունները բախվում են որոշակի խտրականության՝ կապված հիմնականում իրենց լեզվի և մշակույթի առանձնահատկությունները հաշվի չառնելու հետ։

Ինչպես նշվում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի «Խտրականության գործոնները և դրսևորումները Հայաստանում» 2016 թվականի զեկույցում, 1998 թվականից Հայաստանը Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի անդամ է, ասվում է «իրազեկ քաղաքացիենրի միավորման» զեկույցում։

Ըստ այս կոնվենցիայի, ՀՀ կառավարությունը պարտավորվում է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորել օրենքի առջև հավասարություն և օրենքով հավասար պաշտպանություն, և այդ առումով արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելության վրա հիմնված ցանկացած խտրականություն։

Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները վերաբերում են հիմնականում կրթությանը։ Ըստ զեկույցի, Հայաստանում բոլոր ազգային փոքրամասնությունների համար առկա են և՛ մասնագետների, և՛ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաև անհրաժեշտ մասնագետներ: Խնդիրներ կան դպրոցական դասագրքերի հրատարակման և որակի հետ կապված: Կոմպակտ բնակավայրերում չեն գործում մանկապարտեզներ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ազգային փոքրամասնությունների շրջանում։

Հայաստանում առանձին խնդիր է նաև եզդի և մոլոկան համայնքներում աղջիկ երեխաների հարցը, քանի որ նրանք հաճախ չեն ավարտում դպրոցը՝ վաղ տարիքում ամուսնանալու պատճառով։ Այսպես, օրինակ, ըստ «Սինջար» եզդիների ազգային միության իրականացրած հետազոտության, 15 եզդիաբնակ գյուղերում կանանց 52%-ը չի ավարտել 9-րդ դասարանը։ Սա փաստում է այն մասին, որ ազգային փոքրամասնությունների շրջանում գենդերային հավասարություն ապահովելու համար անհրաժեշտ է պետական մակարդակով մի շարք գործողություններ իրականացնել:

Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանում երբեմն անտեսվում են նաև ազգային փոքրամասնությունների մշակութային որոշ առանձնահատկություններ։ Այսպես, ՀՀ կառավարությունն առանձին դեպքերում կիրակին կարող է աշխատանքային օր հայտարարել, ինչից տուժում են մոլոկանները, քանի որ, պայմանավորված իրենց հավատքով, նրանք չեն կարող աշխատել կիրակի օրերին, և այդ դեպքերում ստիպված են լինում բաց թողնել կարևոր իրադարձություններ, օրինակ՝ քննություններ։

Զեկույցի հեղինակները, ըստ այդմ, նշում են, որ ընդհանուր առմամբ, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքի բացառման համար հարկ է ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկությունների, ավանդույթների պահպանմանն ուղղված պետական քաղականություն մշակել և պետության կողմից համապատախան քայլեր ու ծրագրեր իրականացնել։

Հարկ է նաև նշել, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը Հայաստանի մասին իր զեկույցում առաջարկում է օրենք ընդունել «միջնակարգ դպրոցի` էթնիկական փոքրամասնություններ ներկայացնող շրջանավարտների համար բարձրագույն կրթության մատչելիությունը դյուրացնելու նպատակով», ինչպես նաև ապահովել, որ քրեական, քաղաքացիական, վարչական գործերում դատարանները գործը վարեն փոքրամասնությունների լեզուներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր