ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին»․ «Լուսավոր Հայաստան»
13:20, 24.05.2019 | mamul.am
3110 | 1

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները: Հայտնի է դարձել, որ «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունն աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է:
Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալ»-ի՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարն արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու:
Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար: Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր