ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Խտրականության պատկերը Հայաստանում․ հաշմանդամություն ունեցող անձինք. ԻՔՄ
18:05, 27.05.2019 | mamul.am
2468 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Խտրականության պատկերը Հայաստանում․հաշմանդամություն ունեցող անձինք» թեմայով.

«Հայաստանում սոցիալական ամենախոցելի խմբերից մեկը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնց նկատմամբ խտրականության դրսևորումները, ցավոք, լայն տարածում ունեն։

Ինչպես նշվում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի «Խտրականության գործոնները և դրսևորումները Հայաստանում» 2016 թվականի զեկույցում, 2015թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառվել է 200084 հաշմանդամություն ունեցող անձ, որից 7903-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխա:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության առավել տարածված տեսակներն են` տարբերակումը, նախապատվությունը, բացառումը, ոտնձգությունը, սահմանափակումը, տարանջատումը կամ մեկուսացումը և զոհականացումը:

Ընդ որում, խտրական վերաբերմունքի ցուցիչներ կարող են լինել ահաբեկումն ու ճնշումները, մեղադրանքն ու նախատինքը, պիտակավորումը, ծաղրը, անարգանքը, չարախոսությունը, անտեսումը կամ մեկուսացումը, քննադատական վերաբերմունքը և արհամարհանքն ու ստորացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ամենաառանցքային կողմը, սակայն, վերջիններիս՝ իրենց վերաբերող որոշումներում ներգրավվածության սահմանափակությունն է։

Այսպես, ըստ զեկույցի, Հայաստանում որոշումների կայացման գործընթացները և համապատասխան կառույցները ներառական չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամահեն կազմակերպությունները հիմնականում չեն ներառվում որոշումների կայացման գործընթացներում, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժման «Ոչինչ մեզ համար առանց մեր մասնակցության» սկզբունքին։

Այս առանցքային խնդրի լուծումը կարող է հանգեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված այլ խնդիրների ավելի արդյունավետ լուծմանը, քանի որ միայն այդպես է հնարավոր լիարժեք պատկերացնել առկա բացթողումները և սահմանել ճիշտ առաջնահերթություններ։ Օրինակ, թեև Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում որոշ տեղերում կան թեքահարթակներ, բայց դրանցից քչերն են իրապես հարմար և հասանելի շարժասայլակով շարժվող անձանց համար։ Այս տարրական, բայց միևնույն ժամանակ ակնհայտ օրինակով կարելի է պատկերացնել, թե ինչքան անհրաժեշտ է հենց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ իրենց վերաբերյալ կայացվող որոշումներում։

Զեկույցի հեղինակները, ըստ այդմ, նշում են, որ Հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությունից կտրված լինելու խնդիրը մեղմելու համար հարկավոր է բոլոր ոլորտներում նվազեցնել խտրականությամբ պայմանավորված խոչընդոտները և ապահովել ֆիզիկական, զգայական և սոցիալ-մշակութային մատչելիությունը:

«Խտրականության գործոնները և դրսևորումները Հայաստանում» ծավալուն ուսումնասիրություն է, որի՝ տարբեր ոլորտներին առնչվող հատվածներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր