ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Միʹ վտանգիր մեր կյանքը, մայթին միʹ կայանիր». իրազեկման ակցիա՝ Երեխաների պաշտպանության օրը
18:50, 30.05.2019 | mamul.am
16282 | 0

«Հանուն երեխաների ու հաշմանդամների պաշտպանության՝ մայթին միʹ կայանիր» նախաձեռնությունն իրազեկող ակցիա է կազմակերպել, որի նպատակն է պայքարել մայթին կայանելու վտանգավոր երևույթի դեմ: Ակցիան կկայանա խորհրդանշական օր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության օրը: Կազմակերպիչները հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին ժամը 11-ին սայլակներով ու մանկասայլակներով երթ իրականացնել Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոն):
«Մայթին միʹ կայանիր» նախաձեռնությունը նաև հայտարարություն է տարածել. «Հարգելիʹ մայրիկներ, հայրիկներ, մտահոգ մարդիկ.
Նորություն չէ, որ Հայաստանում փողոցները հարմարեցված չեն սայլակով ու մանկասայլակով տեղաշարժվելու համար: Սակայն վերջին շրջանում այս խնդիրն ավելի է ահագնանում՝ մայթերին կայանող անպատասխանատու վարորդների պատճառով: Այս կարգազանցների ավտոմեքենաները շրջանցելու համար մենք ստիպված փողոցի երթևեկելի հատվածով ենք վարում սայլակները՝ ամեն անգամ լրջորեն վտանգելով մեր երեխաների ու մեր կյանքերը: Եկեք միասին պայքարենք այս երևույթի դեմ հենց երեխաների պաշտպանության օրը: Կքայլենք սայլակներով ու մանկասայլակներով, խնդրի մասին կբարձրաձայնենք՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Կփորձենք բարձրացնել նաև մեր վարորդների գիտակցական մակարդակը՝ նրանց թռուցիկներ տալով, ինչպես նաև՝ ուրախ ժամանակ անց կկացնենք մեր փոքրիկների ու ընկերների հետ:
Մեր հպարտ քայլերթը՝ պաստառներով, փուչիկներով ու ժպիտներով, կսկսենք Շարլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոն), որտեղ կհավաքվենք հունիսի 1-ին, ժամը 11:00-ին: Այնուհետև կքայլենք Աբովյան, Իսահակյան, Տերյան փողոցներով։
Քայլերթը կավարտենք Տերյան-Թումանյան խաչմերուկում։ Ակնկալում ենք ձեր ակտիվ ներգրավվածությունն այս կարևոր գործին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր