ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հարուցվել է քրեական գործ՝ «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ
12:25, 12.06.2019 | mamul.am
2945 | 0

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հարուցվել է քրեական գործ՝ «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019-ի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995-ին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են: Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում ևս այն մասին, որ շտապօգնության խումբն «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝ ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության արդյունքում: Տղամարդն ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով մահացել է: Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ տուժող է ճանաչվել: Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը: Նախնական տվյալներով, 1963թ. ծնված տղամարդը, ով Երևան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբնության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով, նախ դիտավորությամբ, հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման և կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր: Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ: Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989թթ.: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր