ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ՍԴ դատավորի ընտրության հարցը վերածվել է քաղաքական լուրջ խնդրի». Էլինար Վարդանյան
12:05, 18.06.2019 | mamul.am
2635 | 0

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Սահմնադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել` ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է: Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել: Մեր պետությունում Սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը, մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները ևս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ, նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու: Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցն իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի. ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միևնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ: ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին: Եվ, ի վերջո, թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը ևս խոցելի են: Իմ մտահոգությունն ամենևին, Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես Սահմանադրական դատարանի անկախության մասին է: Կամ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կամ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու: Այսպիով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կամ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ կամ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր