ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով հարգանքի տուրք մատուցեցին Արաքս Դավթյանի հիշատակին
00:10, 20.06.2019 | mamul.am
2582 | 0

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70 ամյակին նվիրված համերգ կազմակերպվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հունիսի 18-ին ներկայացրին Արաքս Դավթյանի երկացանկի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչեցին Ստրադելլայի, Պուչինիի, Չայկովսկու, Վիվալդիի, Կանաչյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը:

Հավելենք, որ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:

Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ:

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր