Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.48, EUR 535.52, RUB 7.56, GBP 596.79
+36 °C, +23 °C ... +37 °C Վաղը`+39 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի». Շարմազանով
01:05, 20.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն:

Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ, և՛ եղել սուր քննադատության թիրախում:

Փորձել եմ քաղաքական պայքարը անձնական հաշիվներ մաքրելու գործիք չդարձնել, մերժել և մերժում եմ անձնական վրեժխնդրությունը, անձնական ու առավել ևս ընտանեկան դաշտ մտնելը, անկախ նրանից՝ ով և ինչի համար է դա նախաձեռնել:

Համոզված եմ, որ անձնական ատելության և թշնամանքի ու տարատեսակ վրեժխնդրության առկայությունը ոչնչացնում է առանց այն էլ չկայացած քաղաքական համակարգը:

Հայհոյելը, վիրավորելը, ատելություն ու թշնամանք սերմանելը մեկը մյուսի նկատմամբ ու՞ր է մեզ հասցնելու: Դա թուլացնում է մեր ընդհանուր տապանը՝ Հայաստանի Հանրապետությունը:

Այո, մենք՝ բոլորս, նույն տապանի մեջ ենք: Ու պարտադիր չէ թշնամին հերթական անգամ հարձակվի մեզ վրա դա հասկանալու համար:

Թե՛ իշխանությունը և թե մենք՝ ընդդիմադիրներս, պետք է գիտակցենք, որ թե մեկը և թե մյուսը նպատակ լինել չեն կարող: Նպատակը պետք է լինի առողջ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետականաշինություն իրականացնելը:

Կասեք՝ դժվար բան եմ ասում...Դժվար է, բայց անկարելի չէ: Մեր քաղաքական համակարգը պետք է շարժվի արդար խաղի կամ fair play-ի կանոններով:

Հ.Գ.
1960թ. Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում էին երկու մոլի հակառակորդ ֆուտբոլային թիմեր՝ Բոտաֆոգոն և Ֆլումինենսեն:

Բոտաֆոգոյի լեգենդար հարձակվող Գարինչան գոլային դիրքում է հայտնվում, բայց նկատելով հակառակորդ թիմի վնասվածք ստացած պաշտպանին՝ գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն խաղադաշտից դուրս է ուղարկում:

Ի պատասխան Գարինչայի ասպետական քայլի՝ Ֆլումինենսեի պաշտպան Ալդաիրը գնդակը եզրից նետելով՝ վերադարձնում է մրցակցին: Այդ օրվանից Գարինչայի և Ալդաիրի վարքագիծը լավ իմաստով վարակիչ ու չգրված օրենք դարձավ ֆուտբոլում:

Հ.Հ.Գ.

Այս դիպվածը պետք է բավարար լինի մեզ՝ գիտակցելու քաղաքականության մեջ ազնիվ մրցապայքար իրականացնելը: Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր