Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ: Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս: Վերը նշված խանութների տնօրինությունը, խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, փորձել է խոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, չեն կատարել տեսուչների օրինական պահանջները և ցուցումները, իսկ «Էվրիկա-95» խանութում նույնիսկ փորձել են հսկողությունից թաքցնել պիտանիության ժամկետն անցած ապրանքները, սակայն այնուամենայնիվ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: |