ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին
21:25, 25.06.2019 | mamul.am
7643 | 0

Մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ:

Փաստաթղթում տեղ են գտել մասնավորապես հետևյալ հարցադրումները.

1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:

4. Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:

5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:

Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիային տրվում է 60 օր ժամանակ վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար: ՀԲԸՄ-ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ շրջանառվում է այն տեղեկությունը, որ թուրքական կառավարությունը մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր