ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի մատակարարման խափանմանը». Հրանտ Բագրատյան
15:35, 27.06.2019 | mamul.am
4013 | 0

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։ Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս` մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։ Ավիացիայի ոլորտում, մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները), դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում` օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ` ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։ Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ինչո՞ւ պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։ Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր