ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ինչպե՞ս պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ. իրազեկում
15:30, 11.07.2019 | mamul.am
4964 | 0

Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի անրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։

Սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքների 10 հեկտար տարածքում իրականացնել ցեցի դեմ պայքարի միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

Սեմինարի ընթացքում նախարարության Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, անդրադարձել վերոնշյալ համայնքներում վերջերս իրականացված մշտադիտարկման արդյունքներին:

Կարինե Եսայանը մասնավորապես նշել է, որ ցեցի դեմ պայքարի միջոցառումները պահանջում են համալիր մոտեցում և շահագրգիռ բոլոր ֆերմերների ներգրավում: Արմենակ Տեր-Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ թեև անհնար է հարավամերիկյան ցեցն իսպառ վերացնել, սակայն ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնելու պարագայում հնարավոր է վերահսկել և կանխել վնասատուի բազմացումը, որպեսզի բերքին մեծ վնասներ չհասցվի:

Միջոցառման մասնակիցներին տրամադրվել են խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ, որոնցում մանրամասն նկարագրված են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերը, վնասներն ու ախտանիշները, ինչպես նաև պայքարի բարձր արդյունավետություն ապահովող քիմիական, կենսաբանական, ագրոտեխնիկական և մեխանիկական միջոցառումները:

Առաջիկայում դաշտային մեկ այլ սեմինար կկազմակերպվի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր