ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՀՀ-ն Իրանից կարող է ավելացնել գազի ներկրման ծավալները՝ որոշակի ապրանքների դիմաց». Վահե Դավթյան
18:05, 11.07.2019 | mamul.am
3506 | 0

Վերջերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցում է Իրանի հետ սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով: Դա որքանո՞վ է փոխելու ՀՀ էներգետիկ կլիման: MAMUL.am-ը այս հարցով է զրուցել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանի հետ:

Նա նշեց, որ իրականում խոսքը գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևի մասին է: Այն նոր չէ, գործել է դեռ այն ժամանակվանից, երբ շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան գազամուղը (2007թ.): Ըստ ամենայնի՝ բանակցությունների ընթացքում խոսքն այդ բանաձևի շրջանակներում երկկողմ մատակարարումների ավելացման մասին է: Մասնագետի գնահատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան գազամուղը «Գազպրոմ-Արմենիա»-ի հաշվեկշռին է, մատակարարման ավելացման կամ ցանկացած այլ որոշում ընդունելիս պետք է հաշվի առնել ռուսական կողմի հետ:

Ռուսաստանի շահն անտեսելն անհնար կլինի նաև այն դեպքում, եթե անգամ ՀՀ և ՌԴ բանակցությունները ցանկալի արդյունքը չեն տա, և գազի գինը սահմանին այնուամենայնիվ կբարձրանա:

«Գազպրոմի և ՀՀ կառավարության միջև բանակցություններ են ընթանում: Որքանով ինձ հայտնի է, արդեն ձեռք են բերվել որոշ սկզբունքային համաձայնություններ, որոնց մի մասը այս տարվա սեպտեմբերին պետք է արդեն հրապարակվի»,-նկատեց նա:

Ըստ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենի՝ հարցը զուտ տնտեսագիտական շրջանակներում դիտարկելու դեպքում կարելի է ասել, որ սակագնի բարձրացում կարող է լինել: «Բայց իմ հաշվարկներով բարձրացումը կարող է լինել 10 տոկոսի չափով, սակայն՝ ոչ 200 դոլարի, ինչի մասին վերջերս էր նշվել»:

Էներգետիկ մասնագետը նկատեց, որ քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել, գազի գնի բարձրացման շուրջ խոսակցությունները ոչ միայն սխալ են, այլև գործին վնասող: Ռուսական գազի գնի՝ վերջին տարիների դինամիկայի դիտարկումը ցույց է տվել, որ ՀՀ պարագայում կայացվել է քաղաքական որոշում: 2000թ. առայսօր գազը տրվել է ավելի ցածր գնով, քան առկա է շուկայում: Նույն քաղաքական հարթության համատեքստում հնարավոր է զսպող մեխանիզմների կիրառել:

«Չմոռանանք, որ 2013թ. ՌԴ հետ կնքած պայմանագրով պարտավորվել ենք տարեկան իքս ծավալի բնական գազ ներկրել, և այդ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2048թ»:

Վահե Դավթյանի կարծիքով՝ իրանական գազի ծավալների մեծացման հարցը պետք է կապակցել ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի արտահանման խնդրի հետ: Հայաստանն ունի էլեկտրաէներգետիկ հզորությունների ռեսուրսների ավելցուկ, և Իրանն էլ մեզ համար դիտարկվում է էլեկտրաէներգիայի սպառման կարևոր շուկաներից մեկը: Ուստի՝ պետք է ավելացնել բարտերի ծավալները:

«Սակայն այստեղ էլ անխուսափելի է ռուսական գործոնի առկայությունը: Բանն այն է, որ Իրանն ու ՌԴ-ն մեկ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են: 2018թ. կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Իրանն ու ՌԴ-ն փորձում են դիրքավորվել սիրիական ճակատում: Այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ հայաստանյան փոքր շուկայում դիրքավորվելու համար Իրանը մրցակցության մեջ կմտնի իր դաշնակից ՌԴ-ի հետ»,-հիշեցրեց Վահե Դավթյանը:

Հարցին, թե եթե բոլոր դեպքերում ռուսական գործոնը հաշվի առնելն անխուսափելի է, բանակցությունները ուշացած չե՞ն դառնում, էներգետիկ մասնագետը նշեց. «Երբեք էլ ուշացած չպետք է համարել: Բանակցությունները պետք է շարունակական բնույթ կրեն: Դրանք անհրաժեշտ են ՀՀ շահը սպասարկելու համար: Ի վերջո, էներգետիկ շուկան միշտ դինամիկ զարգացման մեջ է: Քանի որ միջազգային պատժամիջոցների արդյունքում Իրանում նաև պարենային խնդիրներ են ծագում, ՀՀ-ն Իրանի հետ համագործակցության շրջանակում կարող է ավելացնել իրանական գազի ներկրման ծավալները՝ որոշակի ապրանքատեսակներ արտահանելով Իրան: Այդպիսի նախադեպ եղել է. 90-ականն թթ., ՀՀ-ն Թուրքմենստանից գազ բերելու դիմաց տեքստիլ արտադրանք է արտահանել:

«Այնպես որ, ՀՀ-Իրան բանակցությունների արդյունքների մասին կարող ենք խոսել միայն սեպտեմբերին».- ամփոփեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր