Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վրաստանում հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։ Այս համատեքստում նա կարևորել է հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում: «Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- շեշտել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ 2018-ը կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»,- ընդգծել է նա: Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ: Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում. «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»: |