ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հանրապետական հիվանդանոցում էլէներգիան «խնայել» են անգամ վիրահատության ժամանակ. «Իրատես»
09:15, 12.07.2019 | mamul.am
3530 | 0

«Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տևած անջատումների ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել:

Արսեն Թորոսյանն, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարեւորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»:

Հանրապետական հիվանդանոցում, ըստ երևույթին, այնքան լուրջ են ընդունել «շեֆի» ասածը, որ անջատել են ինչ պատահի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ վիրահատական սեղանին պառկած հիվանդին բժիշկները չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով:

«Տեղային անզգայացումով վիրահատություն պետք է անեին, երբ հոսանքը գնաց: Բժիշկներն իրար էին նայում, չգիտեին՝ ինչ անել: Հարցնում ենք՝ դուք համապատասխան սարքեր չունե՞ք, որ հոսանք ապահովի, ասում են՝ ոչ: Ստիպված եղանք այնքան սպասել, մինչև լույսերը եկան, ու բժիշները կարողացան գործի անցնել: Բարեբախտաբար, վիրահատությունը չէին սկսել, այլապես պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հանկարծ վիրահատության ընթացքում անջատում լիներ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նրան ի պատասխան ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, պետք է հիվանդանոցի տնօրենությանը դիմել: Նախարարությունը, փաստորեն, անհաղորդ է իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում տիրող իրավիճակին: Ի՞նչ է նշանակում վիրահատությունը հետաձգել կամ այն կիսատ թողնել էլեկտրաէներգիա չլինելու պատճառով, իսկ եթե ծայրահեղ ծանր դեպք լինե՞ր ու շտապ վիրահատություն անելը վայրկյանների հա՞րց: Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր