ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված մեծամասշտաբ հոբելյանական համերգ կանցկացվի
20:20, 12.07.2019 | mamul.am
2685 | 0

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 14-ին` ժամը 20:30-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվելիք իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, տեղեկացրել է, որ համերգը բաղկացած է լինելու երկու մասից:

Նորայր Նազարյանը տեղեկացրել է, որ հատուկ համերգի համար պատվիրվել են նոր մշակումներ: Էկրանների վրա ցուցադրվելու են հետաքրքիր նյութեր, որոնք շատերն առաջին անգամ են տեսնելու:

Համերգին կհնչեն կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ: Կներկայացվեն Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ:

Ռոբերտ Մլքեյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ունկնդրին սպասվում է շատ գեղեցիկ միջոցառում:

Հավելենք, որ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը(դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր