ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե մտածում եք, որ Դուք պետք է առաջարկեք, որ գործ անենք, սխալվում եք»․ Բուժականի գյուղապետ
15:35, 15.07.2019 | mamul.am
6002 | 1

MAMUL.am-ի թղթակիցը Կոտայքի մարզի Բուժական համայնքի անմխիթար վիճակի խնդրով զրուցել է Կարեն Գալստյանի հետ, ով արդեն 10 տարի է ղեկավարում է համայնքը։

Մենք գյուղապետին խնդրեցինք նշել մեկ-երկու կարևորագույն հարց, որոնք լուծում են ստացել իր ղեկավարության տարիներին։ Վերջինս հավաստիացրեց, որ դրանք այնքան շատ են, որ թվարկել, պարզապես, հնարավոր չէ։

«Ինչ ղեկավարում եմ՝ այդ ընթացքում այնքա՜ն հարցեր ենք լուծել, ո՞րը ասեմ»,- ասաց գյուղապետը։

Անդրադարձանք այն ճանապարհահատվածին, որի մասին բարձրաձայնել ենք մեր նախորդ հոդվածում (խոսքը Թեղենյաց եկեղեցի տանող ճանապարհի մասին է, որի մոտավորապես 250-300 մետրը ծայրահեղ վատ վիճակում է-խմբ.)։

«Այդ ճանապարհը, որով անցել-դարձել եք, ես մի քանի անգամ հիմնանորոգել եմ։ 2016 թ.-ին այն նույնիսկ ասֆալտապատել եմ։ Իր դիրքն էնպիսին է, որ երբ անձրևները գալիս են, սելավատարներ էլ չկան, շուտ քանդվում է։ Ճնապարհահատվածի հիմնորոգման համար մոտ 500 միլիոն դրամ է հարկավոր։ Մեր բյուջեն այդքան գումար չունի. հողի հարկ, որ հավաքում ենք, նոր միայն 3 միլիոն է կազմում, դե տարբերությունը տեսեք՝ 3 միլիոնի և 500 միլիոնի, դե ասեք՝ ի՞նչ կարելի է անել»,- բացատրեց գյուղապետը։

Հարցին՝ երբևէ դիմե՞լ եք կառավարությանն այդ խնդրով, Կարեն Գալստյանը պատասխանեց. «Իհարկե, դիմել ենք։ Ձեզ ի՞նչ է թվում, կարո՞ղ է չենք աշխատում: Էդ հիմնահարցերը տարին տասն անգամ բարձրաձայնում ենք. էնպես չի, որ քնած ենք և չենք զբաղվում»,-նեղացավ գյուղապետ Գալստյանը՝ հավելելով՝ եթե ամեն ինչ բարեհաջող գնա, այս տարի համայնքից 50 միլիոն դրամ են ներդնելու՝ և՛ խմելու ջրագիծն ամբողջությամբ փոխեն, և՛ ճանապարհն ասֆալտապատեն։

«Եթե Դուք մտածում եք, որ այդ ճանապարհի մասին չենք մտածում և Դուք պետք է առաջարկեք, որ գործ անենք, սխալվում եք,-շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով­­­,- պետությա՞նը ինչ կառաջարկեք: Հայաստանում 900 գյուղ կա, էդ բոլոր գյուղերն էլ վատթար ճանապարհներ ունեն, ո՞րը սարքի…խեղճ պետությունը որի՞ հարցը լուծի»։

Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ են գալիս, այդ ճանապարհով բարձրանում դեպի եկեղեցի, և նշված ճանապարհահատվածն, ըստ էության, արտացոլում է գյուղի պատկերը, մեր զրուցակիցը նշեց. «Այս տարի համայնքապետարանի առաջնային հարցն այդ ճանապարհը ասֆալտապատելն է լինելու... բայց բնակիչների գործը պիտի լինի դա պահել-պահպանելը, եթե պիտի անտարբեր լինեն մեր արածի նկատմամբ, իզուր է, մենակ գյուղապետը չպիտի մտածի պահպանելու մասին: Ամեն տարի շատ մեծ բաներ եմ անում գյուղի համար, այս տարի էլ ճանապարհը կվերանորոգեմ»։

MAMUL.am-ը հետևողական կլինի Բուժական գյուղի խնդիրների լուծման հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր