ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր. ՎիվաՍել-ՄՏՍ
17:10, 16.07.2019 | mamul.am
6314 | 0

Կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և էլի խնդիրներ… Բաբայանները տան շինարարության խնդիր ունեն՝ տևական ժամանակ: Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի: Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդին՝ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով: Դժբախտ պատահարի հետևանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեև կրտսեր եղբոր՝ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը:


Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրը՝ Սոնան, երազում է իր և ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:
«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է:
Կա նաև տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է և վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրևաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետևանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է:
Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,-ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան:
Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր