Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ են բարձրացվում աշխատավարձերը և թոշակները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի ժողովրդահաճո վերջին որոշումներից են՝ թոշակների 10 տոկոսով և մինիմալ աշխատավարձերի՝ 13 հազար դրամով բարձրացումը... Շատ կարևոր որոշումներ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ իշխանություններն ընդհանրապես չէին ցանկանում այս մասին խոսել և ժողովրդին պահում էին «на коротком поводке», որ շատ «չհաբռգի», չիմանա՝ ինչ բան է լավ ապրելը, որն ընտրյալների մենաշնորհն էր և ընտրությունից ընտրություն մեծ հաճույքով իր ձայնն էժան գնով վաճառի իշխանություններին... Փաշինյանի ձևավորած կառավարությունը չկարողացավ պայքարել Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ գնաճի դեմ, որի հետևանքով ժողովրդի կենսամակարդակն էլ ավելի անկում ապրեց, քան նախորդ իշխանությունների օրոք... Որոշ չափով, իրավիճակը շտկելու նպատակով, առողջապահության, պաշտպանության, ոստիկանության ոլորտներում աշխատողների աշխատավարձերը ինչ-որ չափով բարձրացվեցին, որը մեծ ազդեցություն չունեցավ հասարակության լայն շերտերի սոցիալական վիճակի բարելավման վրա: Շատ ուրախալի, գովելի և կարևոր քայլ է իշխանությունների կողմից: Սակայն մինիմալ աշխատավարձի և թոշակների բարձրացման մասին տեղեկության հետ մեկտեղ հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ են հաղորդում, ըստ որոնց, 2020 թ-ի հունվարի 1-ից 16,5-35 դոլարով (տարբեր լրատվամիջոցներ տարբեր թվեր են նշում) բարձրանալու է գազի մեկ հազար խորանարդ մետրի գինը հայաստանյան սպառողների համար: Հայաստանյան իշխանությունները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են այս տեղեկությունները, միևնույն ժամանակ նշելով, որ էժան գազ Հայաստանը ստանալու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը, որն իրակացվում է «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին հնարավորությունների հաշվին: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե գազի գինը բարձրանա, ապա դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ բարձրացնելով նաև առաջին սպառման ապրանքների՝ հաց, կաթնամթերք և այլն, սպասարկման՝ տրանսպորտ և այլն գները... Գազի գնի չբարձրանալու դեպքում էլ «Գազրպոմ»-ը, մեծ հավանականությամբ, չի համաձայնվի 2019 թ-ի պես սուբսիդավորել գազի գինը և կանցնի մասսայական կրճատումների քաղաքականությանը, որի մասին վերջին շրջանում բարձրաձայնում էին ռուսաստանյան ԶԼՄ-ները, ինչը բավականին կմեծացնի գործազուրկների թիվը և սոցիալ-քաղաքական խնդիրներ կստեղծի գործող իշխանությունների համար... Ստացվում է՝ թոշակների և մինիմալ աշխատավարձերի բարձրացման դրական էֆեկտը հասարակության լայն շերտերը չեն զգալու իրենց գրպանի պարունակության վրա, եթե չասեմ, որ, օրինակ՝ Շիրակի մարզի բնակչության համար, որը տարվա 6 ամիսը ջեռուցում է իր բնակարանը կամ տունը, այդ բարձրացումները նույնիսկ քիչ կլինեն: |