Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
««Սասնա ծռերի» ակտը հուսահատ ակտ էր». Սոսի Թաթիկյան
15:50, 17.07.2019

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սասնա Ծռերի» երեք տարի առաջվա ակտի վերաբերյալ...

Երեք տարի առաջ այս օրերին իսկական մղձավանջ էի ապրում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, սակայն ոչ թե այդ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով, այլ Հայաստանում ընթացող` իրենց Սասնա Ծուռ հռչակած անձանց այսպես կոչված զինված ապստամբության և նրանց աջակցող ցուցարարների հանդեպ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով:

«Սասնա ծռերի» ակտը հուսահատ ակտ էր: Երկրում տիրող լճացումը, իշխանությունների կողմից ժողովրդի պահանջների անտեսումը նրանց դրդել էր դիմելու բռնության: Նրանց կարող ենք որակել ահաբեկիչ կամ ապստամբ` դա կարևոր չէ: Կարևոր է երկու բան` քննարկել նրանց արարքի խորքային պատճառները, և դրանք հասկանալ` խուսափելու համար նման զարգացումների կրկնությունից, սակայն միաժամանակ դրանք ոչ մի դեպքում չարդարացնել: Ոստիկանական գունդի գրավումը և ոստիկանների սպանությունը անթույլատրելի ոտնձգություն էր հայոց պետականության հանդեպ: Հուսահատությունը չի կարող արդարացնել բռնությունը:

Միաժամանակ, մի խմբի կողմից գործադրվող բռնությունը չի կարող արդարացնել նրանց աջակցող խաղաղ ցուցարարների ու թաղի բնակիչների հանդեպ ոստիկանների կողմից գործադրված անհամաչափ ուժը: Այդ օրերի տեսագրությունները սարսափ են ներշնչում` ոստիկանները ինչ որ հաբեր էին կուլ տալիս, նրանց աչքերը ոչ նորմալ արտահայտություն ունեին, նրանք ժողովրդի վրա նռնակ էին նետում, և այլն: Մի խմբի կողմից բռնության գործադրումը չի կարող արդարացնել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը ժողովրդի առավել լայն զանգվածի հանդեպ:

Այդ օրերին հետաքրքիր էր հետևել տարբեր քաղաքական գործիչների վարքագիծը: Ոմանք իրենք դրսևորեցին որպես հրահրիչ ու վարկաբեկվեցին, ոմանք` հավասարակշռող դրական դեր խաղացին այդ իրադարձություններում, որի արդյունքում նրանց հեղինակությունը բարձրացավ, ոմանք էլ ընդհանրապես խուսափեցին այդ խիստ հակասական դեպքերին խառնվելուց:

Ամենաաբսուրդն այն էր, որ Ազգային անվտանգության խորհուրդը և Ազգային ժողովը չկարողացան գումարվել` այդ դրամատիկ իրադարձությունները քննելու, դրանց գնահատական տալու, արտակարգ իրավիճակ հայտարարելու և համապատասխան միջոցառումներ որդեգրելու նպատակով: Պետք է համապատասխան ընթացակարգեր մշակվեն, որպեսզի Անվտանգության խորհրդի ու Ազգային ժողովի դերը նման իրավիճակներում կանոնակարգվի, և որոշումները չկայացվեն բացառապես գործադիր իշխանությունների կողմից` դրանով հանդերձ կիսելով պատասխանատվությունը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր