ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». Հայկ Ալումյան
12:40, 20.07.2019 | mamul.am
3020 | 0

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունը չքննելու փաստին:

Ըստ փաստաբանի՝ դեռևս հունիսի 27-ին Ռ. Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Դրա իրավունքն ունի կալանավորված յուրաքանչյուր ոք, և դատարանը պետք է գրավ կիրառի, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ:

Միջնորդությունը դեռ չի քննվել, այն դեպքում, երբ «Քրեադատավարական օրենսգրքի» 102 հոդվածն ասում է, որ միջնորդություններն ու պահանջները պետք է քննվեն դրանք ներկայացվելուց հետո անմիջապես:

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը, նշեց, որ այն օրենքի խախտմամբ է կատարվել:

«Բոլոր իրավաբանները գիտեն, որ եթե անձի մոտ կատարում են խուզարկություններ, որի նպատակը հանցագործություններ, առարկաներ, փաստաթղթեր հայտնաբերելն է, այդ անձը փաստացի հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով դատավորը համարվում է հանցագործության մեջ մեղադրվող անձ: Իսկ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածում ասված է, որ դատավորի հանդեպ քրեական հետապնդում կարող է իրականացնել միայն ԲԴԽ-ի գրավոր համաձայնությունն ունենալու դեպքում: Մինչդեռ ՀՀ դատախազությունն այդ համաձայնությունը չի ունեցել:

Ես սա ասում եմ դատախազության կողմից տրված հաղորդագրությունից, որտեղ ասվում է՝ մենք իրազեկեցինք ԲԴԽ-ին, այնինչ դատախազությունը պարտավոր էր ստանալ ԲԴԽ-ի համաձայնությունը»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանը պնդեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ իրենք դատավորին են տրամադրել Ռ. Քոչարյանի գործի կրկնօրինակները:

«Այսքանից հետո մեզ ինչ-որ մեկը պետք է ասի, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի Ռ. Քոչարյանի գործի հե՞տ»:

Նա կրկին պնդեց, որ բոլոր դատավորներին գրեթե բաց տեքստով ասվում է ՝ «չհամարձակվեք պարոն Քոչարյանի գործով կայացնել որևէ որոշում պարոն Քոչարյանի օգտին, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր