Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Իշխանությանը գրգռում է այն, որ օրենսդրին ու գործադրին տիրելուց հետո էլ չի կարողանում դուրս մղել հին ուժերին». Գարիկ Քեռյան
14:40, 20.07.2019

«Պետական կառավարման արդյունավետության առումով արդյունքները շատ ցածր են». MAMUL.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ,ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը: Նա դրա հիմնական պատճառը համարեց կադրային քաղաքականության մեջ կուսակցական սկզբունքով առաջնորդվելը:

«Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ այդ սկզբունքից պետք է հրաժարվել և վերադառնալ պրոֆեսիոնալիզմի սկզբունքին: Շատ երկրներ կան, որոնք հրաժարվել են կուսակցական կաբինետներից և անցել են ամբողջովին պրոֆեսիոնալ կաբինետների: Ավելին՝ երկրներ կան, որտեղ չի խրախուսվում քաղաքական ուժերի ներկայացուցչների՝ գործադիր իշխանություն լցվելը»:

Ըստ Գ. Քեռյանի՝ պետք է գործադիր իշխանության մեջ ներգրավել գործի գիտակ մարդկանց՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

«Ցավոք, մեր կառավարությունը կրկնում է նույն սխալը, ինչ անում էին ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն: Դա բերում է քաղաքական ուժի ֆիասկոյի, այդ տխուր փորձը հաշվի չի առնվում: Հաշվի չի առնվում նաև փորձառության առկայությունը»: Քաղաքագետը նշեց, որ ողջունում է համակարգային պայքարը կոռուպցիայի դեմ, ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումները, ինչպես նաև երիտասարդներին տեղ տալը, բայց միևնույն ժամանակ չի ընդունում, որ երբեմն պետական կառավարման համակարգում են հայտնվում կրթական ցենզի զրոյական մակարդակ ունեցողները, որոնց բավականին լուրջ կառույցների ղեկավարում է վստահվում:

Թերությունները մատնանշելով հանդերձ՝ քաղաքագետը հարկ համարեց նկատել, որ ինքն այն մարդկանցից է, որ, չլինելով քաղաքական իշխանության կամ ՔՊ կուսակցության մեջ, ամենաշատն է ուզում, որ իշխանությունները չձախողվեն:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին ու վեթինգին՝ Գարիկ Քեռյանն ասաց, որ քաղաքական իմաստով դրանք համարում է երրորդ՝ դատական իշխանությունը նախկին ուժերից մաքրելու գործընթաց, ինչը բնական է: Հեղափոխությունից հետո գործադիր ու օրենսդիր, ինչպես նաև մայրաքաղաքային իշխանությանը տիրելուց հետո խնդիր է դրվել ՀՀԿ-ից մաքրել դատական համակարգը:

«Դա հաջողություն կբերի, թե ոչ, ցույց կտա ապագան: Իսկ Ռ. Քոչարյանի դատը պարզապես փորձաքար էր ընդհանուր գործընթացի մեջ»,- ասաց քաղաքագետը:

«Ներկա քաղաքական ուժին գրգռում է այն հանգամանքը, որ օրենսդրին ու գործադրին տիրելուց հետո չի կարողանում հին ուժերին դուրս մղել դատական համակարգից»,-բանաձևեց Գ. Քեռյանը:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ աղմուկին, հանձնաժողով-ՀՀ իշխանություններ հարաբերություններին, քաղաքագետը հիշեցրեց, որ հանձնաժողովն ունի խորհրդակցական բնույթ: Չկա այնպիսի փաստաթուղթ, որով ՀՀ-ն նման պարտավորություն է ստանձնել: Պարզապես օրենսդրական բարեփոխումներ կատարելիս ՀՀ-ին առաջարկվում է հաշվի առնել նաև հանձնաժողովի կարծիքը: Եվրոպական կառույցները բազմիցս հայտարարել են, որ աջակցում են ՀՀ իշխանություններին՝ դատաիրավական բարեփոխումների գործում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր