Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը: Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով ենթարկվելը թողնում է բացասական հետևանք. մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում, կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն և այլն: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. * Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40_+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»: |