ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
17:40, 20.07.2019 | mamul.am
7694 | 0

«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր»,- Մինաս Ավետիսյանի մասին այսպես է արտահայտվել Հրանտ Մաթևոսյանը:

Հայ նշանավոր գեղանկարիչը ծնվել է 1928-ի հուլիսի 20-ին` Ջաջուռում: Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:

Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են նաև իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները», «Իմ ծնողները», «Հանդիպում», «Հորս դիմանկարը», «Շեմին» և այլ գործեր:
1972-ին նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատ աշխատանքներ ոչնչացվել են, չնայած հետագայում որոշ այրված նկարներ հաջողվել է վերականգնել: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: 1977-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր