ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թռչնի մարմինը ծածկված է կեղտի ու ճենճի հաստ շերտով. սա էկոլոգիական աղետ է». քաղաքացու կոչը՝ պատկան մարմիններին
19:45, 20.07.2019 | mamul.am
5885 | 0

Ֆեյսբուքյան օգտատեր Լյուբա Բալայանն իր էջում գրել է. «Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով և որի հետևանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը՝ ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ):
Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը, ի վիճակի չլինելով կեր հայթայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ:
Անհապաղ հարկավոր է պարզել՝ որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում/նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:
Ի դեպ` այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս ԱՀԱԶԱՆԳ ՉԷ: Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան/ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում և անմիջական շփման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության:

Լուսանկարները՝ Մ. Ղասաբյանի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր