ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին». Ա. Գրիգորյան
04:25, 26.07.2019 | mamul.am
3040 | 0

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին. ինչ էլ անեն, պրոցեսը չի կարող անվերջ ձգձգվել: Խոստացել են, որ մինչև այս ամսվա վերջ լիբանանյան ընկերության մասնագիտական/փորձագիտական եզրակացությունը կհրապարակեն: Նախքան այդ որոշման հրապարակումը, Հայաստանի կառավարությանն ուզում եմ հրապարակավ տալ ստորև ներկայացված հարցերը: Դրանք հանրության համար ուղենիշային են լիբանանյան ընկերության ընտրության գործընթացում հնարավոր կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը գնահատելու համար՝ դրանից բխող մոտիվացիայով և հետևություններով, իսկ կառավարության համար՝ հետագայում քավության նոխազի ընտրության հարցում:

1. Ո՞ր պետական մարմինն է մշակել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու տեխնիկական առաջադրանքը (վարչապետի աշխատակազմ, բնապահպանության նախարարություն, քննչական կոմիտե կամ այլ մարմին).

2. Ո՞ր կազմակերպություններն են հայտ ներկայացրել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությանը (բոլոր հայտատու կազմակերպությունների անվանումները սկզբնական և վերջնական/short listed փուլերում).

3. Ո՞ր պետական մարմինն է իրականացրել կազմակերպության ընտրությունը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա է ընտրվել հենց լիբանանյան ELARD ընկերությունը.

4. Նշված ընկերության աշխատանքներում տեղական մասնագետներ ներգրավվա՞ծ են: Ովքե՞ր են այդ մասնագետները և արդյո՞ք նրանք նախկինում մասնակցել են հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերը մշակելու աշխատանքներին.

5. Ինչպիսի՞ փաստաթւղթ է կազմվելու իրականացվող ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու կազմված փաստաթուղթը (փորձագիտական եզրակացություն՝ քրեական գործի շրջանակներում օգտագործելու համա՞ր, թե՞ մեկ այլ բան: Ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթուղթը ունենալու՞ է արդյոք այնպիսի իրավական կարգավիճակ, որը կարող է դրվել հանքավայրի շահագործումը թույլատրելի կամ անթույլատրելի համարելու վերաբերյալ՝ կառավարության դիրքորոշման հիմքում).

6. Եվ ի վերջո՝ ինչպե՞ս է որոշվել մատուցվող ծառայությունների համար վճարման չափը («Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգո՞վ, թե՞ այլ ընթացակարգով).

Այս հարցերի պատասխանները ես հիմնականում գիտեմ, դրանք պետք է լսի նաև հանրությունը՝ պաշտոնապես: Պրիմիտիվ մանիպուլյացիաների համար տրված ժամանակն անցավ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր