ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իր շուրջն է միավորում 1000-ից ավելի մարդկանց Հայաստանից և ամբողջ աշխարհից
23:45, 29.07.2019 | mamul.am
3274 | 0

Սևանի ափին այսօր մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են թվով 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից։

Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդել է պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյանը բացման երեկոյի ընթացքում նշել է, որ արդեն 4-րդ տարին է, ինչ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իր շուրջն է միավորում 1000-ից ավելի մարդկանց Հայաստանից և ամբողջ աշխարհից, ինչը նշանակում է, որ սամմիթը հաջողված և սպասված իրադարձություն է ստարտափ աշխարհում։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն:

Դիմելով մասնակիցներին` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և իրենց փորձության ենթարկելու:

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից, ինչպես նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս: «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր