ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները». Արման Բաբաջանյան
06:15, 31.07.2019 | mamul.am
4042 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց... Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ բորբոքված կրքերը մեր հասարակությանը բաժանել են երկու՝ կոնվենցիային կողմ և դեմ մասերի: Հակասությունն ու հակադրությունն այս հարցում չափազանց սուր է՝ կոնվենցիային կողմ հանդես եկողներն իրենց փաստարկներում հասնում են ծայրահեղությունների՝ մի կողմից, դրան ընդդիմացողները նույնքան ծայրահեղ են՝ մյուս կողմից: Իրականությունը, ինչպես սովորաբար լինում է, մեջտեղում է: Այոʹ, կոնվենցիայում կան մեր արժեհամակարգին ու մտածողությանը խորթ, անհարիր դրույթներ, որոնք կարող են վտանգել մեր ավանդական արժեքները: Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները՝ ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով շիկացնելով այս թեման: Արդյունքում` կոնվենցիայի վերաբերյալ առողջ բանավեճի փոխարեն մենք ականատեսն ենք լինում գռեհկության աստիճանի իջեցված քննարկումների ու մանիպուլյացիաների, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն կոնվենցիայի հետ: Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում: Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ ես` որպես ԱԺ պատգամավոր, ամեն ինչ անելու եմ ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է և պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով: Անթույլատրելի է որևէ գործողություն, որը նպաստում է առանց այն էլ երկփեղկված մեր հասարակության պառակտմանը: Որևէ միջազգային կոնվենցիա չունի և չի կարող ունենալ ավելի բարձր արժեք, քան մեր հանրային համերաշխությունն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր