Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.91, EUR 528.16, RUB 7.12, GBP 576.71
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ադրբեջանում հայտնված զինծառայողը զորամասում խնդիրներ չի ունեցել». Եղեգիս համայնքի ղեկավար
12:00, 13.08.2019

«Սահմանն անցած ու Ադրբեջանում հայտնված զինծառայող Արա Ղազարյանը զորամասում խնդիրներ չի ունեցել». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Ըստ նրա՝ զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից է, ավագ եղբայր ունի:

Թե ինչպես է եղել, որ նա հայտնվել է Ադրբեջանում, Ա. Ստեփանյանն ասաց, որ այս առումով 2 վարկած է շրջանառվում:

«Դրանցից մեկի համաձայն՝ զբոսնելիս է եղել, մառախուղ է եղել, մոլորվել է և հայտնվել թշնամու թիրախում: Երկրորդ վարկածով ջուր բերելու է գնացել, ճանապարհը շփոթել է, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանում»,- հայտնեց գյուղապետը: Նա պնդեց, որ զինծառայողը զորամասում կանոնադրական խնդիրներ չի ունեցել:

Համայնքապետ Ա. Ստեփանյանն ասաց նաև, որ հավելյալ մանրամասներից տեղյակ է ավագ եղբայրը, որի հետ զինծառայողը մշտական կապի մեջ է եղել, սակայն եղբոր հետ զրուցել իրեն չի հաջողվել, որովհետև նա արդեն ռազմական ոստիկանություն է գնացած եղել: Համայնքապետը նշեց, որ նոր տվյալներ ու հստակ տեղեկություններ ստանալու նպատակով մտադիր է այսօր երեկոյան կրկին այցելել Ղազարյանների տուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր