ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մարտի 1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթացը ժամանակատար է լինելու
09:50, 14.08.2019 | mamul.am
2487 | 0

2019թ․ օգոստոսի 7-ին «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա» հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, «Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների» հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում էին ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արմեն Դավթյանի հետ: Հանդիպմանը քննարկվել էր քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացմանը վերաբերող հարցը: Կողմերը համաձայնություն էին ձեռք բերել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրանում կաջակցեն և դատախազությանը կտրամադրեն թեմայի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խոսքը 2008թ. քննված քրեական գործերի մասին է: «Դրանք արհեստական գործեր են, որոնք ժամանակին օբյեկտիվ և բազմակողմանի չեն քննվել, բոլոր գործերում կան էական հանգամանքներ, որոնք թեʹ նախաքննության, թեʹ դատաքննության ժամանակ հաշվի չեն առնվել: Մեր ձեռքի տակ եղած տեղեկատվության մեջ կան այնպիսի էական հանգամանքներ, որ օբյեկտիվ քննության դեպքում կարող ենք դատական սխալ արձանագրել»,- ասաց նա:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ 2008թ. քրեական 82 գործերը վերաբերում են 13 անձի: Սակայն, այդ թիվը դեռ ճշգրտման ենթակա է: Ժամանակին եղել են մարդիկ, ովքեր դատապարտվել են, սակայն հետագայում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել: Չի բացառվում, որ այժմ կկարողանան նրանց ևս ցուցակում ընդգրկել: Այդ գործերը, ըստ էության, դատական սխալի, կամ արդարադատության բուն էությունը խաթարելու հիմքով ենթակա են բեկանման: Հանդիպման մեկ այլ մասնակից՝ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը MAMUL.am-ին հայտնեց, որ Գլխավոր դատախազությունն ուղղակի ստիպված է վերանայել գործերը, որովհետև կան ՄԻԵԴ կայացրած վճիռներ:

«Մտավախություն ունեմ այն առումով, թե դատական համակարգը, որը նախկինում սխալ որոշումներ է կայացրել, ինչպե՞ս է կարողանալու ինքն իր դեմ դուրս գալ: Ես կարծում եմ, որ շատ դեպքերում Գլխավոր դատախազությունը պարզապես պատի է հանդիպելու: Ինձ հետաքրքում էր, թե Գլխավոր դատախազությունը ո՞ր պահից է սկսելու իրավական գործընթացը: Պատասխանը եղել է՝ «օրենքի տառին համապատասխան»:

Թեʹ Արմեն Խաչատրյանը, թեʹ Նինա Կարապետյանցը նշեցին, որ Գլխավոր դատախազությունը պատրաստակամ է ու պատրաստ՝ սկսել քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացման գործընթացը: Դա ժամանակատար աշխատանք է լինելու:

Գլխավոր դատախազության hանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ MAMUL.am-ին հավաստիացրեց, որ գործընթացը պետք է լինի բացառապես իրավական հարթությունում՝ քրեադատավարական համապատասխան ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ: Այդ նպատակով դատախազությունում ուսումնասիրություններն ավելի վաղ են սկսվել:

«Ինչպես նոր երևան եկած, այնպես էլ նոր հանգամանքի հիմքով գործընթացներ են նախաձեռնվել: Այժմ այդ գործընթացը շարունակվում է հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նշված դեպքերին առնչվող գանգատներով կայացված որոշումների լույսի ներքո: Գլխավոր դատախազը հավաստել է, որ դատախազությունը շարունակելու է 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նոր երևան եկած հանգամանքներ ի հայտ գալու դեպքում պարտադիր նոր վարույթ հարուցելու և նախկինում կայացված դատավճիռները վերանայելուն, գործերը նոր քննության ուղարկելուն ուղղված բողոքարկումների որդեգրած քաղաքականությունը»,- ամփոփեց ԳԴ hանրային կապերի բաժնի պետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր