ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սա ամենակոպիտ միջամտությունը կլինի գործադիրի կողմից դատական գործընթացին». Հայկ Ալումյան
13:10, 14.08.2019 | mamul.am
3220 | 0

«Ամեն ինչից երևում է, որ այդ օրենսդրական նախագիծն ուղղակիորեն նպատակ է հետապնդում Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պարոն Քոչարյանի գործով ՍԴ-ն արդարադատություն չիրականացնի». օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ գնահատելով արդարադատության նախարարության ներկայացրած այն օրենսդրական նախագիծը, որը վերաբերում է «ՍԴ մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելուն, և որը մեծ աղմուկ է առաջացրել: Նա կրկին հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործը չի քննի, կամ՝ եթե քննի, կքննի ոչ ներկայիս կազմով:

Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ցանկացած քննիչ կարող է ՍԴ դատավորի հանդեպ մեղադրական վճիռ կայացնել, և դատավորի գործունեությունը կասեցվի:

«Սա ամենակոպիտ միջամտությունը կլինի իշխանության գործադիր թևից դատական գործընթացին: Մենք ուզում ենք հասարակությանն զգուշացնել այսպիսի զարգացումների ծայրահեղ վտանգավոր լինելու մասին»,- ասաց նա:

Հ. Ալումյանը նկատեց, որ դա նման է նրան, որ ընդդիմադիր պատգամավորից ազատվելու համար նրա՝ մանդատը հանձնելուց հետո շարունակի վարձատրվել: Դա, ըստ պաշտպանի, կլինի ընդդիմադիր ուժից ազատվելու իբրև քաղաքակիրթ ճանապարհ: Ըստ նրա՝ այդ վտանգավոր լծակը վերաբերելու է հասարակության ցանկացած անդամի: Դա փաստաբանի գնահատմամբ՝ իրավական պետության գաղափարից այս աստիճան հեռանալն անդրադառնալու է մեզնից յուրքանչյուրի վրա:

Հ. Ալումյանը հիշեցրեց, որ իրենք դեռ հունիսի 27-ին միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատելու մասին: Օրենքի համաձայն՝ նման միջնորդությունները քննվում են անմիջապես: Այդ կապակցությամբ դիմել են ՄԻԵԴ: Սա ՄԻԵԴ ներկայացված 7-րդ գանգատն է: Դատարանը գործը չքննելը պատճառաբանում է նրանով, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, և գործն էլ այլ դատավորի դեռ մակագրված չէ: Փաստաբանը պնդեց, որ դա եվրոպական կոնվենցիայից չբխող պատճառաբանություն է, և շուտով դրա վերաբերյալ ՄԻԵԴ-ի կարծիքը հանրությունը կլսի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր