ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ջերմուկցիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
21:05, 16.08.2019 | mamul.am
5639 | 0

Այսօր, օգոստոսի 16-ին, ժամը 17։00 ից Ջերմուկում հանրահավաք է տեղի ունենում, Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հերթական անգամ բարձրաձայնում, որ Ամուլսարում հանքի շահագործում իրենք թույլ չեն տալու։

Նամակի տեքստը՝ ստորև.

«Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Մենք՝ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներս, որ մեկ տարուց ավելի մեր անմիջական ֆիզիկական ներկայությամբ կասեցրել ենք Ամուլսարում ոսկու հանքի աշխատանքները, Ձեզ ենք դիմում հրատապ հանդիպման խնդրանքով: Կարևոր ենք համարում, որ տեղյակ լինեք այստեղ տիրող ճգնաժամային դրության մասին և անհապաղ քայլեր ձեռնարկեք դրա լուծման ուղղությամբ:

Հեղափոխությունից մեր արդարացի ակնկալիքն այն էր, որ վերջապես մեր ձայնը լսելի կդառնա, և որ մեր համայնքի գոյությանը, նրա տնտեսական և սոցիալական կյանքին, ինչպես նաև Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրն անմիջապես կդադարեցվի: Ցավոք, մեր ակնկալիքները չարդարացան. փոխարենը, Ամուլսարի հանքի դեմ պայքարը մտավ երկարուձիգ իրավական և բյուրոկրատական մի գործընթաց:

Հասկանալով, որ ներկայիս կառավարությունը նախորդ իշխանություններից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ, գիտակցելով նաև հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի ուժերով կասեցրինք հանքի շինարարական աշխատանքները: Եթե սա չարվեր, ծրագիրն անխուսափելիորեն մտնելու էր այնպիսի մի փուլ, որն անդառնալի հետևանքներ էր ունենալու թե՛ մեր համայնքի, և թե՛ Հայաստանի համար: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության համար ժամանակ շահելու, ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին և գտնելու ճգնաժամի լավագույն լուծումը ժողովրդի համար:

Մենք համբերատար կերպով, համայնքի ուժերի գերլարումով, տեղական բնակչության և մեր բոլոր աջակիցների միջոցներով՝ շուրջ 400 գիշեր ու ցերեկ ապահովել ենք հանք տանող բոլոր ճանապարհների արգելափակումը: Հանքում աշխատանքների ժամանակավոր կասեցումը իրականացրել ենք մեր ընտանիքների հիմնական աշխատողների ժամանակի, առողջության, գումար վաստակելու վատնված հնարավորությունների գնով՝ հաճախ ենթարկվելելով նաև բազմաթիվ սադրանքների, բռնի հարձակումների և զանազան ճնշումների, որոնց մասին մինչ օրս գերադասել ենք չբարձրաձայնել:

Երկու օր առաջ հրապարակվեց նաև Քննչականի պատվիրած ուսումնասիրությունը, որում նշված է Լիդիանի ՇՄԱԳ-ի բազմաթիվ լուրջ թերությունների ու սխալների մասին, և որի միակ օրինական հետևանքը պետք է լիներ Լիդիանին տրված թույլտվությունների դադարեցումը։ Սակայն Քննչական կոմիտեի ներկայացուցիչների զեկուցումը Կառավարության նիստին, ինչպես նաև դրան նախորդող ասուլիսին ծայրից ծայր մանիպուլյացիա էր՝ ոչ մի խոսք լրջագույն թերությունների մասին, այլ միայն “ծաղկաքաղ արված”, կոնտեքստից կտրված արտահայտություններ, թե Սևանի և Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի լինելու, մի բան, որ զուտ լեզվական մանիպուլյացիա է։

Հարգելի պարոն Վարչապետ, մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին։ Վստահում ենք Ձեզ, որ իրականության մասին իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու որոշում, և Ձեր կառավարությունն առնվազն կչեղարկի Լիդիանի ստացած թույլտվությունները՝ օրենքի ողջ ուժով, քանզի այլևս ապացույցներ պետք չեն, որ Լիդիանը ապակողմնորոշել է ՀՀ ժողովրդին ու կառավարությանը։

Պարոն վարչապետ, ցանկանում ենք հատուկ շեշտադրել, որ հանուն Ամուլսարի պահպանության պայքարը ընդգրկում է ողջ Հայաստանը։ Մեզ սատարում է ողջ Վայոց ձորի մարզի բնակչությունը, ամեն օր հրապարակվում են ֆիզիկապես մեզ միանալու պատրաստակամության կոչեր Հայաստանի տարբեր քաղաքներից։ Ցավոք, Ամուլսարի պայքարը կարող են օգտագործել հակահեղափոխական ուժերը հատուկ Ձեր գլխավորած կառավարության և հեղափոխության ձեռքբերման դեմ։ Մենք մինչ օրս որևէ առնչություն չենք ունեցել այդ ուժերին, ավելին՝ հետ ենք մղել նրանց կողմից մեր պայքարը շահարկելու փորձերը։ Բայց վստահ ենք, որ Ամուլսարի հանքի ծրագիրը չդադարեցնելու դեպքում, Դուք ինքներդ եք պատճառ հանդիսանալու, որ այդ ուժերը օգտագործեն խնդիրը Ձեր դեմ։ Մենք վստահում ենք Ձեր քաղաքական հոտառությանը և հույս ունենք, որ Դուք հեղափոխական կառավարության փլուզմանը տանող քայլ չեք անի։

Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ։ Խնդրում ենք, որ ինչպես խոսք էիք տվել դեկտեմբերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գաք Ջերմուկ և մեզ հետ քննարկեք Քննչականի պատվիրած ուսումնասիրության արդյունքները: Խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ ոստիկանությունը Լիդիանի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործեր հարուցելու մասին որոշում է կայացրել։

Ուզում ենք հասկանալ, թե Դուք անձամբ և ի պաշտոնե ինչ քայլեր եք ձեռնարկում վերջնական հանգուցալուծման ուղղությամբ, որից նաև կախված կլինեն մեր հետագա քայլերը»:

Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներ, Ամուլսարի պահապաններ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր