Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+12 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+17 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նշանակմանս օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքով Ամուլսարի ճամփաները բացելու գործին». Արթուր Գրիգորյան
01:20, 20.08.2019

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչու՞ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել...

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանի որ նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած՝ Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողն է Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝
- Մեզ ասել էին, որ Դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:
-Կառավարությունից...

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք, ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:

2. Որպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր