ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք
12:40, 20.08.2019 | mamul.am
5119 | 0

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):

Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք են մեկնել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման նպատակով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:

Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համայնքի բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր