Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և վտանգված է մեծահասակների մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Նման վերաբերմունք մի մարզաձևի նկատմամբ, որը, փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝ 4 ոսկի, 5 արծաթ և 8 բրոնզ։ Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել: |