«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուծումը պետության զավթումը ճանաչելու մեջ է: Շա՞տ բարդ է հասկանալ, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի շահագործումը, պետության զավթման բաղադրիչ է և դրա հետևանք։ Պետությունը զավթվել է և վերածվել է կոռուպցիայի ու այլ հանցագործությունների գործիքի։ Բացի այդ՝ կառաջանա մեղավորներին պատասխանատվության կանչելու և մեզ հասցրած վնասը կոռուպցիայի միջոցով ձեռք բերած նրանց միջոցներից վերականգնելու հնարավորություն։ Այդ ժամանակ ոչ թե կմտածենք, թե մեզ դատի կտան, այլ մե՛նք դատի կտանք։ Հարց. ինչո՞ւ է գործող իշխանությունը վարվում որպես նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ինչո՞ւ իրավաքաղաքական գնահատական չի տալիս նրանց և ինչո՞ւ չի ճանաչում պետության զավթումը որպես կատարված փաստ։ Չէ՞ որ դա բոլոր հիմնական պրոբլեմների, այդ թվում՝ Ամուլսարի և, առհասարակ՝ գիշատչական հանքարդյունաբերությունից ազատվելու պրոբլեմի, լուծման ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհն է»: |