ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Սա ցույց է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը». Արման Բաբաջանյան
01:05, 24.08.2019 | mamul.am
4635 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս, մինչ մենք դեռ այսքան բուռն չէինք քննարկում ՝ Ամուլսարը հանք կդառնա, թե կմնա սար, հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել քրեական հեղինակություն Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթ Սեդրակյանի հիմնադրած ընկերության նախագծին, որը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է եզրակացությունը:

Մեկ այլ զավեշտալի լուր՝ Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայտնի է, որ չնայած պոչամբարի վնասված պատվարի մասին բազմաթիվ ահազանգերին հուլիսի 1-ից վերսկսել է գործել Թեղուտի հանքավայրը։

Իշխանությունը ինտենսիվ կերպով ջանում է վերաբացել Ալավերդու պղձաձուլարանը։

Սյունեցիները չեն հասցնում ուշքի գալ տարածաշրջանի էկոլոգիական աղետից, իսկ Քաջարանի կոմբինատը աշխարհի խոշորագույն պոչամբարերից մեկի՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման մասին է մտածում։ Քննարկվում է ընդհուպ երկրորդ պոչամբարի կառուցման հնարավորությունը։

Ամուլսարի վերաբերյալ թերի, կեղծ և հնարավոր կոռուպցիոն բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում հօգուտ Լիդիանի Հայաստանի կառավարության տրամադրվածությունը լուրջ անհանգստանալու առիթ է։

Այսու, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից։

Սա ցույց է տալիս Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը: Տնտեսության թշվառությունն ընդամենը այդ մտքի թշվառության հետևանքն է: Դիվերսիֆիկացիայի, նորարարության, ինովացիաների, տեխնոպարկերի և այլ երևույթների մասին տերմինաբանական անգիրները, որ պարբերաբար արտասանում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրական կյանքում վերածվում են պարզ առուծախի:

Ցավալիորեն, ահա այն, ինչը Հայաստանում համարվում է մտքի արգասիք հանդիսացող տնտեսական նոր քաղաքականություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր