ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սպառազինությունը հայ-ամերիկյան օրակարգում՝ վարչապետի այցին ընդառաջ. «Ժամանակ»
09:35, 11.09.2019 | mamul.am
3408 | 0

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երևույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով:

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի՞ այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե՝ ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում:

Առավել ևս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երևանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան՝ ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ:

Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞՝ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում և ինչ տեղ է գրավում դրանում:

Այս հարցն, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ և այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին և պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմատեխնիկական գործակցության տիրույթ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր