Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ընդերքաբանների, երկրաբանների, բնապահպանների խոսքն անլսելի է». Վահե Դավթյան
10:06, 11.09.2019

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի շուրջ ծավալվող քաղաքական դիսկուրսն իրականում ստվերում է թողնում խնդրի մասնագիտական կողմը: Արդյունքում ընդերքաբանների, երկրաբանների ու պրոֆեսիոնալ բնապահպանների խոսքը հաճախ անլսելի է դառնում՝ խլացվելով քաղաքական, ֆինանսական կամ տեղեկատվական շահ որսացողների կողմից:

Խնդիրն ունի նաև հակառակ կողմը: Մասնավորապես՝ անընդունելի է ու նաև անհասկանալի ոլորտի որոշ առանցքային մասնագետների լռությունը, հաճախ՝ անտարբերությունը: Սա, իհարկե, կարելի է բացատրել Ամուլսարի հարցի գերքաղաքականացված լինելով, ինչի արդյունքում ակադեմիական-փորձագիտական դաշտի ներկայացուցիչներից ոմանք կարող են խուսափել գնահատականներ հնչեցնելուց: Ներկայումս տիրող ատելության ու օրեցօր սրվող անհանդուրժողականության պայմաններում գուցեև նման մոտեցումը կարելի է հասկանալ: Սակայն դրա արդյունքում ստեղծվում է տեղեկատվական աղմուկ, որն օգնում է գործընթացի որոշ շահառուներին պղտոր ջրում ձուկ որսալ: Մեդիան էլ, իր հերթին, մասնագիտական բաց ու ծավալուն քննարկման դեֆիցիտի պայմաններում ստիպված է ամբիոն տրամադրել «ռազմատենչ դիլետանտներին»:

Այժմ մի հարց, որի պատասխանը չափազանց կարևոր է ստանալ հենց մասնագետներից և որի մասին իր հստակ դիրքորոշումը պարտավոր է հայտնել կառավարությունը: Խոսքը 2007թ. ռուսական «Горный журнал»-ում հրապարակված՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Գ. Ալոյանի «Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения» գիտական հոդվածի մեջ տեղ գտած այն պնդման մասին է, համաձայն որի Ամուլսարում ուրանի ընդհանուր պաշարները կազմում են մոտ 100 տոննա: Մոտավորապես նույն գնահատականն է հնչեցվում նաև 1952֊1954թթ. Ամուլսարում կատարված որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում կազմված զեկույցում:

Նշանակում է սա արդյոք, որ Ամուլսարում հորատման աշխատանքների իրականացումը կարող է տվյալ տարածքում բարձրացնել ռադիոակտիվ ֆոնը՝ լրջագույն ռիսկեր գեներացնելով մարդու առողջության ու բնության համար: Սա, թերևս, այն առանցքային հարցն է, որի վերաբերյալ պետք է խոսել առանց կաշկանդվելու՝ ուղիղ և օբյեկտիվորեն: Հետևաբար, նախ՝ լայն ապաքաղաքական քննարկում է անհրաժեշտ ծավալել տվյալ հարցի շուրջ, որին կհաջորդի կառավարության՝ գոնե այս հարցում հստակ ու վերջնական դիրքորոշման հրապարակումը՝ բոլոր հնարավոր ռիսկերի ու վտանգների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությամբ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր