Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ արտաքսումը վրա է հասնելու, երբ անձը պատիժը կկրի, կավարտի, այսինքն՝ դատավճռով սահմանված պատիժը կհասնի ավարտին, հետո կգործադրվի արտաքսումը: Եթե օտարերկրացի դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դիմել է ապաստանի խնդրանքով, քանի որոշում չկա, չեն կարող արտաքսել: «Եթե արտաքսում եք, նպատակ պիտի լինի նաև պետության՝ լրացուցիչ բեռ չվերցնելու հանգամանքը: Եթե ամբողջ ժամկետով պիտի կրի պատիժը, նոր արտաքսվի, իմաստը չեմ տեսնում, բանակցեք, որ տվյալ երկիրն իր քաղաքացուն ընդունի: Մեր հարկատուների հաշվին պահում ենք, մեծացնում, նոր ճանապարհում, որ գնա»,- փոխնախարարին արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Փոխնախարարն էլ իր հերթին նշեց, որ դատապարտյալների փոխանցման քաղաքականությունն էլ միտված է հենց դրան, որ Հայաստանի հարկատուների հաշվին, նաև ՔԿՀ-ների ներկա պայմաններում որքան հնարավոր է փոխանցել դատապարտյալներին: «Մեր քաղաքականությունը գնում է որքան հնարավոր է փոխանցել դատապարտյալներին: Բնականաբար, պետք է նկատի ունենալ, որ մենք ունենք թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ միջազգային համաձայնագրեր՝ այս ամենի հաշվառմամբ: Եթե օտարերկրացին կատարել է ոչ ծանր կամ միջին ծանրության հանցանք, դրա դեպքում 3 տարի հետո է, որ նա կարող է դիմել, ծանրի դեպքում՝ 5 տարի հետո, առանձնապես ծանրի դեպքում՝ 8»,-նշեց Գրիգորյանը: |