Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+16 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Եթե մենք ապօրինի կերպով փակենք հանքը, վաղը ապօրինի կերպով կփակենք լրատվամիջոցը, արտադրամասը». Նիկոլ Փաշինյան
17:45, 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով կառավարությանը, հարցրեց.
«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմից որպես ժառանգություն տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և արդյոք չե՞ք կարծում, որ դրանով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը: Տեղյա՞կ եք, որ 2 տարի է՝ Վարչական դատարանում վիճարկվում է «Լիդիանին» տրված լիցենզիան և դրա օրինականությունը»:
Վարչապետը հարցին հարցով պատասխանեց:
«Ինչո՞ւ եք Դուք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված ԱԺ-ում լինել պատգամավոր: Ձեր ասածին ի պատասխան ասեմ, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին Դուք եք նշում: Եթե Դուք ուշադիր եք լսել իմ ելույթը, այնտեղ հստակ նշված է, որ Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած հարցերում հետևյալն է՝ դիրքորոշումը պետք է լինի իրավական: Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Ցանկացած դեպքում պետք է հետամուտ լինել ճշմարտությանը՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Ինձ համար ՀՀ պետական ազգային շահը եղել է և շարունակելու է լինել առաջնային: Եթե մենք ապօրինի կերպով փակենք հանքը, վաղը ապօրինի կերպով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի կերպով կփակենք արտադրամասը: Մենք մտադիր չենք այդ ճանապարհով գնալ»,-հայտարարեց վարչապետը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր