Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.73, EUR 525.36, RUB 7.42, GBP 596.06
+12 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
2019-ին արձանգարվել է տասը մայրական մահվան դեպք. նախարարությունը արտահերթ նիստ է գումարել
19:05, 11.09.2019

Առողջապահության նախարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստը:

Հաշվի առնելով 2019 թվականի մինչ այս պահն արձանգարված տասը մայրական մահվան դեպքերը` նիստի ընթացքում յուրաքանչուր մահ առանձին վերլուծության է ենթարկվել:

Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես` սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս, լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:
Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:
Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ պետք է արվի, ամեն ինչ` կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի, հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր