Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա: Այսօր «Առավոտ» օրաթերթում մի լուր է հրապարակվել, որտեղ, մասնավորապես, գրված է․ «Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է»։ Արդեն հայտնել եմ, որ լուրը միակողմանի է, թերի և խեղաթյուրում է իրականությունը։ Ինչ է տեղի ունեցել իրականում. Իրականում հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 3345-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերում էր ամբողջ ինքնակամ կառույցը քանդելու, և այն կայացվելուց հետո բողոքարկվել է կառուցապատողի կողմից։ Հիմա. քաղաքապետարանը 3345-Ա որոշման հիման վրա ոչինչ չի քանդել։ Շինության՝ համայնքային հողի վրա գտնվող մասը քանդվել է քաղաքապետի 12.11.2018թ 3395-Ա որոշման հիման վրա, որը չի բողոքարկվել։ Մենք, իհարկե, հերքման պահանջ կուղարկենք այս լուրը հրապարակած լրատվամիջոցներին։ Ամենայն հարգանքով «Առավոտ» օրաթերթի և նրա անձնակազմի հանդեպ, հերքման պահանջը, իհարկե առաջին հերթին վերաբերում է լուրի սկզբնաղբյուրին»: |