ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել
19:30, 15.09.2019 | mamul.am
14209 | 0

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում վնասվածք է ստացել․ «Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր սկսեց պայքարը Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Այսպես, որակավորման փուլում հունգարացի ըմբիշին 5։0 հաղթելուց հետո Արթուրը ոչ մի հնարավորություն չտվեց ֆին մարզիկին` ժամանակից շուտ 10։0 հաշիվն իր անվան առաջ գրանցելով: Իր վաղեմի մրցակից, թուրք ըմբիշ Ջենք Իլդեմն այս անգամ ևս անզոր գտնվեց մեր մարզիկի ուժի դեմ՝ 4։2:
Հաջորդ գոտեմարտըն իրանցի ըմբիշի հետ էր, որի ժամանակ, սակայն, զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3: Կիսաեզրափակչում, վրացի մարզիկի արգելքը հաղթահարելուց հետո, արդեն ականատես եղանք, թե ինչպես էր Արթուրը դժվարությամբ շնչում։ Քիչ առաջ կապ հաստատեցի Արթուրի ընտանիքի անդամների հետ. պարզվում է` վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի մյուս կողն էլ է կոտրվել, ինչը խանգարում է շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն: Եվ չնայած վնասվածքին` Ճերմակ արջն այսօր միայն հաղթանակներ է գրանցել ու բոլորիս հպարտության անզուգական պահեր պարգևել:

Մեզ մնում է հուսալ, որ մինչև վաղվա եզրափակիչն Արթուրը կկարողանա կազդուրվել և գորգ վերադառնալ, սակայն պիտի հատուկ ընդգծեմ, որ ցանկացած պարագայում մեզ համար ամենակարևորն ու ամենաթանկն իր առողջությունն է` վեր ամեն տեսակի մեդալից: Եվ եթե ստացվի այնպես, որ Ալեքսանյանը վաղն ի վիճակի չլինի դուրս գալ մրցագորգ, միևնույն է, նա մեզ համար լավագույնն է` լեգենդար ըմբիշ իր քաշային կարգում, որը հասցրել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր իր մարզական կարիերայի ընթացքում:

Արթո՛ւր, մենք քեզ հետ ենք քեզ, եղբայր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր