ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին
19:10, 16.09.2019 | mamul.am
3009 | 0

Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին` ժամը՝ 18:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում:

Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև մոտ 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով հանդես գալ:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է:

Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին:

Նա նաև մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:

Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010-ին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը: Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և ոչ միայն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր