ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Դասական գործերի ջազային տարբերակները ներկայացվեցին ինքնատիպ համերգի ընթացքում
09:35, 17.09.2019 | mamul.am
1867 | 0

Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 15-ին ներկայացավ Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրեց մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝ նոր և ինքնատիպ մոտեցմամբ:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն առանձնահատուկ ընդգծեց՝ այս համերգային երեկոյով տրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ամռան ընթացքում նվագախումբն ընդհանրապես չի հանգստացել, համերգ է ունեցել Սոչիում՝ Sochi Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաև միանգամից մի քանի համերգային երեկո է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում:

Ի դեպ, Ջազ նվագախմբի նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգն էլ այնքան ջերմ ընդունվեց, որ չի բացառվում՝ նվագախումբը ևս մեկ անգամ այն ներկայացնի ունկնդրին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր